Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ինչ տեղափոխվել եմ Հայաստան՝ «փափախով քրդի» սինդրոմը չի լքում ինձ

Ինչ տեղափոխվել եմ Հայաստան՝ «փափախով քրդի» սինդրոմը չի լքում ինձ
22.08.2026 | 13:01

Հայաստանում մենք ունենք մի շատ ավելի վտանգավոր խնդիր, քան պարզապես բարձր գները։

Մենք ունենք գնի և որակի հարաբերակցության խստագույն խախտում։

Մարդը կարող է մեծ գումար վճարել վարսավիրին և դուրս գալ փչացած մազերով, վարսավիրն էլ այդ ընթացքում համոզում է, որ ստացել է այն, ինչ դու ցանկացել ես։ Կարող ես հացաբուլկեղենի խանութից գնել 2 օրվա ապրանք, վաճառողը կվստահեցնի, որ հենց նոր է թխվել։ Կարող ես Սարյանի «իտալական» ռեստորանում երիկամի գին վճարել աղցանի համար, որի մատուցումից ու որակից սիրտ կխառնի։ Կամ քեզ ծանոթ սննդի կետից գնես սնունդ, մի քանի ամսվա ուշացումով, և հայտնաբերես, որ համը փոխվել է, չափաբաժինը՝ ևս։ Եվ ընդանուր ամեն բան զզվելի է դարձել։

Սա փակ շրջանակ է։ Անընդմեջ կարող ես վճարել բարձր գին և ստանալ միջակ սնունդ, ցածր որակի ապրանք, վատ սպասարկում, տգեղ մատուցում և որ ամենակարևորն է՝ զրո պատասխանատվություն։

Սա թանկության խնդիր չէ։ Սա արդեն իսկ ձևավորված «անպատասխանատվության մշակույթ» է։

Երբ բիզնեսի տերը կարող է անորակ ապրանք կամ ծառայություն վաճառելով շարունակել հարստանալ, իսկ դրա հետևանքը նրա համար գրեթե ոչինչ չարժենալ, շուկան շատ արագ սովորում է մի պարզ կանոն․ որակը պարտադիր չէ, միեւնույն է, անորակությունը շահավետ է։

Մեր երկրում, անբարեխիղճ բիզնեսը ոչ միայն չի պատժվում, այլև սկսում է մրցակցային առավելություն ստանալ։

Մարդկանց ուղեղը փայլատակում է (մանավանդ անբարոյական մարդկանց)՝ ինչո՞ւ գումար վատնել ավելի լավ հումքի վրա, եթե գալիս կրում են աղբը։ Ինչո՞ւ վարձել լավ մասնագետ, ինչու վերապատրաստվել, եթե փինաչին հարստանում է։ Ինչո՞ւ մտածել մատուցման, մաքրության, թարմության, դետալների մասին։ Ինչո՞ւ պատասխանատվություն վերցնել արդյունքի համար, եթե հաճախորդը հնազանդ վճարում է ամեն պարագայում։

Եվ այստեղ ձևավորվում է ամենավտանգավոր բանը՝ տոտալ անպատասխանատվության մշակույթը։

Վատ ծառայությունը դառնում է նորմա։ Հին սնունդը՝ վաճառվող ապրանք։ Միջակ աշխատանքը՝ «պրոֆեսիոնալ ծառայություն»։

Տգեղ մատուցումը՝ «դիզայն»։

Չափազանցված գինը՝ «պրեմիում»։ Իսկ հաճախորդի դժգոհությունը՝ «քմահաճություն»։

Մեզ մոտ ոչ թե «կլիենտն է միշտ ճիշտ», այլ՝ բիզնեսի տերը։

Մենք աստիճանաբար սովորում ենք չպահանջել այն, ինչի համար վճարել ենք։

Արդյունքում առաջանում է աբսուրդային շուկա, որտեղ բարձր գինը այլևս բարձր որակի երաշխիք չէ, իսկ վատ որակը բիզնեսի ձախողման պատճառ չէ։

Ի դեպ, պատասխանատվություն ունի ոչ միայն բիզնեսի տերը:

Իրականում պետությունը պետք է վերահսկի, որ խաղի կանոնները գործեն։

Բիզնեսը պետք է հասկանա, որ գումար վերցնելը ենթադրում է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ոչ թե միայն՝ շահ, եկամուտ։

Իսկ սպառողը պետք է դադարի «դե, Հայաստանում տենց ա» արտահայտությամբ արդարացնել այն, ինչն իր համար անընդունելի է, այն, ինչը տհաճություն է պատճառում իրեն։

Որովհետև ամեն անգամ, երբ մենք վճարում ենք վատ աշխատանքի համար և լռում, մենք ոչ միայն կորցնում ենք մեր գումարը։

Մենք ունենում ենք առաջնահերթ սթրես։ Տհաճ ապրումներ։ Շատ կարևոր՝ ժամանակ, ևս մի օր մեր կյանքից։ Խաբված լինելու զգացում։ Եվ, որ ամենակարևորն է՝ մենք փաստացի ֆինանսավորում ենք անբարեխիղճ արտադրողի անբարո ու անպատասխանատու վարքագծի՝ շարունակության համար։

Իսկ հասարակության կենսամակարդակի չափանիշը միայն այն չէ, թե որքան են մարդիկ վաստակում կամ որքան են պատրաստ վճարել։ Ունևոր են, թե չունևոր: Այս պարագայում խաբված են բոլորը։

Շատ ավելի կարևոր է՝ ինչի դիմաց են նրանք վճարում, և ինչ է տեղի ունենում այն մարդու կամ բիզնեսի հետ, որը չի կատարել իր հռչակած արժեքները։ Եվ ունի միտում բարձր գնի դիմաց աղբ վաճառել ու հրճվել խաբվածների վրա։

Հասկանում եմ, թե որքան տանջալի պայքար է ՝ Հայաստանում կյանքի որակի բարձրացումը, արժանապատվության մթնոլորտում ապրելը, բայց պետք է ձգտել այդ կյանքին:

Արփի Հարությունյան

Սամվել Հակոբյանի ՖԲ էջից

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ